Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հայաստան նավն է ի վիճակի անցնելու պատմության օվկիանոսը, ոչ թե նավի վրա տեղակայված փրկարարական նավակները»

«Հայաստան նավն է ի վիճակի անցնելու պատմության օվկիանոսը, ոչ թե նավի վրա  տեղակայված փրկարարական նավակները»
08.08.2008 | 00:00

«ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽՈՍԵԼ ՔԱՄԱՀՐԱՆՔՈՎ, ԵԹԵ...»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
-«Ժառանգության» օրակարգում այս օրերին քննարկվող ամենաարդիական հարցերից մեկը Հայ ազգային կոնգրեսին միանալ-չմիանալն է: Կուսակցությունը որոշեց առայժմ անմասն մնալ այդ գործընթացից։ Ինչո՞ւ:
-Նախ՝ առայժմ կոնգրեսի ձևավորումն ավարտված չէ, այսինքն՝ որպես հասարակական շարժման կառուցվածքային ուրվագիծ, գտնվում է կազմավորման փուլում: Երկրորդ խնդիրը, որն առավել ենք կարևորում, այն է, թե որքանով է արդյունավետ մշակված գործողությունների պլանը, և կոնգրեսի գործունեությունը որքանով կնպաստի հասարակության ներսում արագ, դրական տեղաշարժերին: Մենք այս հանգամանքը հատուկ ենք առանձնացնում, քանի որ այն, ինչ գլոբալ առումով տեղի է ունենում Հայաստանում, հանգեցնելու է պետության մեկուսացմանը:
Սա հաշվի առնելով` մենք գիտակցում ենք, որ մեր հասարակությունը հնարավորինս արագ պետք է ելքեր փնտրի այս իրավիճակը հաղթահարելու համար: Ըստ այդմ, խիստ բծախնդիր ենք ամեն տեսակի կառույցների ձևավորման հարցում` առաջնորդվելով դրանց արդյունավետության առաջնահերթությամբ:
- Դուք կոնգրեսից արդյունավետության երաշխի՞ք եք պահանջում:
-Կարծում ենք, որ այսօր կոնգրեսն ընդհանուր «շտրիխներով» է ուրվագծված, և խոսելու, բանակցելու, ի մի բերելու խնդիրներ դեռ ունենք: Մենք կոնգրեսից սպասում ենք համահասարակական բնույթի տեղաշարժերի միտում: Այն պետք է ունենա խոր մշակված ռազմավարություն` իր ձևավորմամբ հիմք դնելով հեռանկարային գործընթացների: Թիրախները պետք է և՛ պարզ, և՛ ռազմավարական լինեն:
-Նույնանալու մտավախություն այլևս չունե՞ք:
-Նույնացման խնդիրը, որպես այդպիսին, այդքան էլ մեզ հուզող հարց չէր: Ավելին, որպես քաղաքական ուժ, առավելագույն համագործակցության փորձ ենք միշտ արել և համարել ենք, որ ընդդիմադիր դաշտը պետք է ոչ միայն ընդգրկուն, այլև առավել մոբիլիզացված լինի: Բոլոր հետընթացները զգալի չափով պայմանավորված են նրանով, որ Հայաստանը գործել է ուղղագիծ, հատկապես արտաքին քաղաքականության ասպարեզում:
-Նախօրեին Հայաստանում էր ԵԽԽՎ-ի նախագահը, որը բավականին կոշտ գնահատականներ տվեց ՀՀ իշխանությունների կողմից ԵԽ-ի բանաձևերի կատարմանը միտված քայլերին: Համաձա՞յն եք այդ դիտարկումներին:
-Պյուչի գնահատականը իշխանամետ լրատվամիջոցները ներկայացնում են դրական շեշտադրումներով, իսկ ընդդիմադիր մամուլը` հակառակը: Իմ համոզմամբ` նրա հայտարարությունն իսկապես կոշտ էր: Ի վերջո, պետք է հասկանալ, որ առավելագույն առաձգականություն ունեցող ռետինն էլ չի կարող անսահման ձգվել: Վաղ թե ուշ՝ այն ինչ-որ տեղ կտրվելու է: «Ժառանգությունը» բազմիցս է ահազանգ հնչեցրել, որ պետք է միասնաբար հաղթահարենք առկա ճգնաժամը: Գիտակցենք, որ Հայաստան նավն է ի վիճակի անցնելու պատմության օվկիանոսը, ոչ թե նավի վրա տեղակայված փրկարարական նավակները: Իսկ դրա համար բոլորս պետք է աշխատենք: Հայաստան նավը կարող է օվկիանոսն անցնել մեր բոլորի ուժերի մոբիլիզացմամբ: Այսօր փրկարարական նավակների համար է պայքար ընթանում: Մենք կորցնում ենք այն, ինչը չի կարելի կորցնել: Ոչ մեկը չի կարող օվկիանոսում համալրել իր նավի անձնակազմը: Այսօր մենք անհանգիստ օվկիանոսի ճիշտ կենտրոնում ենք ու պետք է նավը փրկենք` խաղաղ ծովախորշ հասցնելով:
-Ճգնաժամի հաղթահարումը երկրի ներսո՞ւմ եք տեսնում, թե՞ դրսում։
-Բոլոր տեսակի խնդիրների, մարտահրավերների, որոնք, ցավոք, արդեն ոչ միայն մարտահրավերներ են, այլև իրական սպառնալիքներ, հաղթահարումը երկրի ներսում է: Լավագույն արտաքին քաղաքականության հիմքն արդարացի ներքին քաղաքականությունն է: Ոչ մեկը Հայաստանի ղեկավարության հետ չի կարող խոսել անգամ քամահրական տոնի ստվերով, եթե իշխանությունը հենված լինի ժողովրդի վրա:
-Իշխանությունների լեգիտիմության բացը չէ՞ր, որ հանգեցրեց այն արտաքին մարտահրավերներին, որոնք այսօր արդեն իրողություն են: Դրանք կասկածելի լեգիտիմության պահպանման գի՞նն էին:
-Անշուշտ: Օրինակ, երբ Ֆրանսիայի վարչապետը մեղադրեց Ռումինիայի նախագահին այն բանում, թե ինչո՞ւ է որդեգրել այս վարքագիծը, ապա նա հակադարձեց. «Ես հաշվետու եմ իմ ժողովրդի առաջ»: Ռումինիայի իշխանությունը լեգիտիմ էր, և ֆրանսիացիներն այդ ամենն ընդունեցին հավուր պատշաճի: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ գործ ունեին ինքնիշխան, լեգիտիմության սակավությունից չտառապող իշխանության հետ։
-Պյուչը նաև հերթական նախազգուշական սպառնալիքն էր հնչեցրել, որ հնարավոր է Հայաստանը դուրս մնա եվրոպական ընտանիքից: Տվյալ պարագայում ի՞նչ է սպասվում Հայաստանին:
-Եթե դա Ադրբեջանին վերաբերեր, էական նշանակություն չէր ունենա, քանի որ նա քաղաքակրթական այլ ուղղություն ունի: Անթույլատրելի եմ համարում, եթե Հայաստանը, ասիական որևէ քաղաքակրթական շերտի չպատկանելով, դուրս մնա նաև եվրոպական ընտանիքից: Մեր պաշտպանվածության խնդիրն էլ է լուծվում մեր քաղաքակրթական շերտի շրջանակներում: Այս առումով Հայաստանին համապատասխանող քաղաքակրթությունը մեզանից արևմուտք ընկած, քրիստոնեական հենք ունեցող եվրոպական քաղաքակրթությունն է։
-Վերադառնանք ներքին քաղաքականությանը: Այսօր ներքաղաքական դաշտում խլրտումներ են սկսվել «երրորդ ուժի» ձևավորման ուղղությամբ: Ձեր գնահատականը։
-Մոտեցումն արհեստական է, քանի որ ի սկզբանե «երրորդ ուժի» ձևավորման խնդիր է դրվում: Այնինչ, աստիճանական պայքարի արդյունքում պետք է ձևավորվի այդ ուժը։ Մեխանիկական միագումարի մեջ հնարավո՞ր է ստեղծել այդպիսի ուժ՝ լինի երրորդ, չորրորդ, հինգերորդ: Քաղաքական ուժերը քաղաքական պայքարի արգասիքն են:
Հարցազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5005

Մեկնաբանություններ